Արգելված քաղաք․Չինաստան

1420- 1911 թթ․մին և ցին դինաստիաների 24 նախկին կայսերների բնակավայրը՝ Պեկինի Արգելված քաղաքը, աշխարհի ամենամեծ պալատային համալիրն է։

Ավանդության համաձայն՝ Արգելված քաղաքն իր անվանումը ստացել է այն պատճառով, որ մի ժամանակ այնտեղ առանց կայսերական թույլտվության ոտք դնողներին դատապարտում էին մահվան։ Այսօր Չինական կառավարությունը քաղաքը պաշտոնապես վերանվանել է Գուգուն («Հին պալատ» կամ «Պալատ թանգարան»)։

Համալիրը կառուցվել է 1406 թ․՝ Մին երրորդ կայսր Յոնգ Լիի հրամանով, ով Չինաստանի մայրաքաղաքը Պեկինից փոխադրեց Նանկին։ 2460x3150 ոտնաչափ (820 մ x 1050 մ) մեծություն ունեցող Փակ քաղաքը շրջապատված է 30 ոտնաչափ (10 մ) բարձրությամբ պատով, որն էլ, իր հերթին, շրջապատված է 20 ոտնաչափ (7 մ) խորությամբ խանդակով։ Կառույցն ունի մոտավորապես 1000 սենյակ, որոնք կարող են բարձրակարգ հարմարավետություն ապահովել 6000 բնակչի համար, ներառյալ կայսեր պալատականներին և նրանց ծառաներին։

Համալիրի մեջ առանձնահատուկ տեղ է գրավում Գերագույն ներդաշնակության դահլիճը։ Լինելով Չինաստանի ամենամեծ փայտե կառույցը և կայսերական իշխանության խորհրդանիշը՝ այն իրականում նաև ժամանակի ամենաբարձր կառույցն էր, քանի որ այն ժամանակ արգելված էր կառուցել որևէ ավելի բարձր շինություն։

18-րդ դարի վերջում քաղաքում բնակվում էր 9 հազար բնակիչ. նրանք թագավորի և նրա հարազատների սպասավորներն էին՝ անվտանգության աշխատակիցները, աղախինները, ներքինիները, հարճերը և հասարակ ծառայողները: Ներքին բակը և քաղաքի գլխավոր սրբավայրը փակ էր կանանց համար: Բացառություն էր միայն կայսրուհու հարսանիքը, այն էլ՝ միայն մեկ օրով:

Կայսրը մի քանի կանանց հետ ամուսնանալու իրավունք ուներ, բացի դրանից՝ նա
պահում էր մեծ թվով հարճեր: Նրանք հասարակ գյուղացիներ չէին, այլ Չինաստանի ամենալավ և ապահովված ընտանիքներից դուրս եկած կանայք, ովքեր լավ կրթություն ունեին: Ամեն օր կայսրն իր համար ընտրում էր գիշերն անցկացնելու ընկեր: Իր ընտրյալը, լիներ կին, թե հարճ, պարտավոր էր իր սենյակից մերկ անցնել թագավորական ննջասենյակ: Դա արվում էր հանուն կառավարչի անվտանգության, որպեսզի կանայք իրենց հետ թույն կամ զենք չտանեին: Հարճի կամ կնոջ պահանջարկը կախված էր հասարակության մեջ նրանց զբաղեցրած դիրքից: Յուրաքանչյուր կարգավիճակ ուներ իր համապատասխան սպասքի գույնը: Միայն կայսրը և կայսրուհին կարող էին ուտել ոսկյա կամ թանկարժեք դեղին ֆոսֆորյա սպասքով: Իսկ նրա ամբողջ կազմը պետք է ծնկի գար կայսրի առաջ. ոչ ոք տիրոջ դեմքին նայելու իրավունք չուներ՝ բացառությամբ մի քանի մարդկանց: Ցանկացած անհնազանդության դեպքում սպառնում էր մահապատիժը:

Կայսրի պալատում գոյություն ուներ իր իսկ նորաձևությունը: Ընդունված էր, որ կանայք կրեին 20 սմ բարձրությամբ կոշիկ, որի շնորհիվ լիովին փոխվում էր քայլվածքը՝ դառնալով ավելի կանացի: «Արգելված քաղաքում» ապրում էին բազմաթիվ ներքինիներ: Այդ ժամանակ շատ տղամարդիկ ստիպված էին գնում այդ քայլին, որպեսզի ծառայության անցնեին թագավորական ապարանքում: Ցավալին այն էր, որ հենց ծնողներն էին իրենց որդիներին վաճառում ստրկության, որպեսզի չմեռնեին սովից:

Կայսրերի համար մեծ նշանակություն են ունեցել նաև թվերը: Նրանց սիրելի թիվն ինն էր, այդ պատճառով քաղաքի բոլոր անկյուններում կարելի է տեսնել այդ թիվը: Ի դեպ, ինը թիվը համահունչ էր չինարեն «հավերժություն» բառին: Ինը թվի հանդեպ սերը երևում է նաև նրանից, որ թագավորական համալիրի 800 շինություններ ունեն 9999 սենյակ:

Այդ ամբողջ ճոխության վերջին տիրակալը եղել է Պու անունով կայսրը: Նա գահ է բարձրացել երեք տարեկանում, սակայն 1912 թ.-ին ստիպված էր հրաժարվել թագից: Դրանից հետո ևս 12 տարի ապրել է «Արգելված քաղաքում», այնուհետև ձերբակալվել և 15 տարի փակվել է բանտում:


20-րդ դարի սկզբներին հասարակ մարդկանց դեռ թույլ չէր տրվում մուտք գործել այդ քաղաքի տարածք, նույնիսկ՝ մի քանի մետր մոտենալ պարիսպներին: Այն հարգարժան մարդիկ էլ, ովքեր ունեին այդ իրավունքը, միայն համապատասխան հագուստով պետք է մուտք գործեին և պահպանեին լռություն, որպեսզի չխաթարեին քաղաքի անդորրը:


Քաղաքի ճարտարապետության զարմանալին այն է, որ կառուցման ընթացքում չի օգտագործվել ոչ մի հատիկ մեխ: Բարձունքից նայելիս նկատվում է, որ քաղաքի բոլոր փայտե տների պատերը ներկված են կարմիր գույնով, իսկ տանիքները՝ դեղին: Եթե որևէ պաշտոնյա կամ ընտանիքի անդամներից մեկը հագնվեր կամ տունը զարդարեր դեղին գույնով, նրանց սպասվում էր մահապատիժ: Քաղաքը հրդեհներից պաշտպանելու համար շրջապատել են ջրով լի հսկայական բրոնզյա տակառներով:


Աղբյուրներ՝ 
 2. Մարկ Տրոմանի «Աշխարհի Հրաշալիքները» գիրք.
Share on Google Plus

About Unknown

This is a short description in the author block about the author. You edit it by entering text in the "Biographical Info" field in the user admin panel.
    Blogger Comment
    Facebook Comment

0 comments:

Post a Comment