Ստամբուլում գտնվող` իր
գմբեթով քաջ հայտնի Սոֆիայի տաճարը («Սուրբ իմաստության եկեղեցին») VI դարի բյուզանդական
ճարտարապետության գլուխգործոցն է:
Ի սկզբանե կառուցվելով որպես քրիստոնեական եկեղեցի
կայսր Հուստինիանոս I-ի պատվերով` այն վերածվեց մզկիթի 1453թ., իսկ 1935թ. վերածվեց
Այա Սոֆիա թանգարանի:
Եկեղեցու շինարարության
համար կայսրը օգտագործեց չորս վիթխարի կորնթոսյան սյուներ, որոնք բերվել էին թալանված
Բաալբեկից (Լիբանան): Սակայն Սոֆիա տաճարի ամենամեծ հրաշալիքը դրա գրեթե 168 ոտնաչափ
(56մ) բարձրությամբ և 93 ոտնաչափ (31մ) տրամագծով գմբեթն է, որի տեղադրումը ճարտարապետական
ափշեցուցիչ սխրագործություն էր այդ ժամանակի համար: Գմբեթի ներքևում քառասուն կամարավոր
պատուհանների և գմբեթը պահող 4 կամարների առագաստների շարքի համակցումը այնպիսի տպավորություն
է թողնում,ասես գմբեթը լողում է: Գմբեթը մեծացնում էր շինության խորհրդավորությունը
և եկեղեցու կարևորությունը` որպես բյուզանդական շրջանի արևելյան քրիստոնեության կենտրոնի,
քանի դեռ թուրքերը չէին վերափոխել այն:

Տաճարի պաշտոնական օծումը տեղի ունեցավ 537թ-ի դեկտեմբերի 27 - ին Կոստանդնուպոլսի
պատրիարք Մենասի կողմից: Ըստ ավանդության, ոտք դնելով տաճար, Հուստինիանոսն ասել է.
«Սողոմոն, ես գերազանցեցի քեզ»,
վկայակոչելով հանրահայտ Երուսաղեմի
տաճարը: Եկեղեցական անձնակազմը Հուստինիանոսի օրոք հասնում էր 525 հոգու, իսկ Հերակլի
օրոք՝ 600-ի: Տաճարի կարիքները հոգալու համար հարկեր էին հավաքվում մի շարք առևտրային
կազմակերպություններից ու արհեստավորական միություններից: Եկեղեցին չհասցրեց երկար
հիացնել իր շքեղությամբ: Շինարարության ավարտից տարիներ անց երկրաշարժից ավերվեց տաճարի
արևելյան մասը: Ավելի ուշ՝ 989 թ-ին, տաճարը ենթարկվեց նոր երկրաշարժի, և այս անգամ
փլուզվեց գմբեթը: Շենքն ամրացնելու նպատակով կառուցվեցին պահող սյուներ, որոնք զգալիորեն
ազդեցին տաճարի արտաքին տեսքի վրա: Գմբեթը վերականգնելու համար հրավիրվեց հայ հայտնի
ճարտարապետ Տրդատը, որի գլուխգործոցն է համարվում Անիի Մայր տաճարը: Մեծ հմտության
շնորհիվ Տրդատը ոչ միայն հիանալի կատարեց իր աշխատանքը, այլև դարձրեց գմբեթն ավելի
բարձր, գեղեցիկ ու ամուր: Եկեղեցին չափազանց թանկ հարդարանք ուներ մինչև 1204թ-ի Խաչակրաց
արշավանքի հետևանքով Կոստանդնուպոլսի թալանումը:
1453թ-ին , Կոստանդնուպոլիսը նվաճած սուլթան Մեհմեդ II Սուրբ
Սոֆիայի տաճարը վերածեց մզկիթի: Ավելացվեցին չորս մինարեթներ, որմնանկարներն ու խճանկարները
ծածկվեցին ծեփամածիկով, և տաճարը կոչվեց Այա Սոֆիա: Քանի որ տաճարը կառուցված էր քրիստոնեական
ավանդույթների համաձայն՝ խորանը դեպի արևելք, մահմեդականները ստիպված եղան հարմարեցնել
այն իրենց պահանջներին և տեղադրեցին միհրաբը տաճարի հարավ-արևելյան անկյունում՝ դեպի
Մեքքա ուղղությամբ: 1847թ-ին տաճարը գտնվում էր փլուզման վտանգի տակ, և սուլթան Աբդուլ-Մեջիդի
հանձնարարականով եղբայր ճարտարապետներ Ջուզեպպե և Գասպար Ֆոսսատիները սկսեցին վերանորոգման
աշխատանքներ, որոնք տևեցին մոտ երկու տարի: 1935թ-ին Աթաթուրքը Այա Սոֆիան հռչակեց
թանգարան: Որմնանկարներն ու խճանկարները վերջապես ազատություն ստացան գրեթե հինգ դար
իրենց ծածկող շերտից:
Ի տարբերություն արտաքին
պարզ տեսքի` Սոֆիայի տաճարի ներքին պատերը ծածկված են մարմարյա գունավոր սալաքարերով:
Խոշոր պատմական արժեք են ներկայացնում մարմարե սալիկների վրայի ռունական արձանագրությունները: Բազմաթիվ իսլամական տարրեր
են ավելացվել եկեղեցում. մարմարե շատրվաններ, դեկորատիվ տարրեր և մեծ չորս օվալաձև
վահանակներ` Ղուրանից վերցված մեջբերումներով:
Աղբյուրներ` 1. http://www.building.am/arm/page.php?id=266
2. Մարկ Տրոմանի «Աշխարհի Հրաշալիքները» գիրք.
0 comments:
Post a Comment